Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

Երեքշաբթին չդարձավ ուրբաթ

Երեքշաբթին չդարձավ ուրբաթ
13.09.2013 | 11:18

Առանց երկար-բարակ նախաբանի, առանց ջուրծեծոցիի, որ խոսքը 2014-ին Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչի ուղեգրի հնարավորություն տվող եվրոպականի խմբային հանդիպումներին է վերաբերում, միանգամից ասենք` մեր ազգայինը չկարողացավ գլխից վեր թռչել, պատասխան խաղում էլ դանիացիներից վաստակել երեք միավոր:

Պարտվեցինք:
Էստեղ մի քիչ քոքոզանանք: Պարտվեցինք տասնմեկմետրանոցով, իսկ վերջինս ինչ-որ չափով, ինչ-որ բանով մեջը հավասարության տարրեր է պարունակում կամ դրա պատրանք է ստեղծում, թեպետ, եթե էն անտեր դարպասը սարքածները վերևի ձողը մի քիչ վերև բռնացրած լինեին կամ էլ նույնքան էն անտեր մեջքը կոտրվածը մի փոքր ցածր հետագծով իր ապուշ թռիչքն աներ, մի միավոր հաստատ ու հաստատ պոկած կլինեինք: Բայց թե, գիտեք, ինչ ասեմ` հայի բախտ է:
Պարտվեցինք:
Այդպես էլ է լինում: Մանավանդ որ խաղը… մեզ մոտ էր, իսկ տեղեկացված ընթերցողը հուշումի կարիք չունի` մեր հավաքականը մեզ մոտ այս փուլայինում կանոնավորապես պարտվում է: Հիմա սույնը ոմանց ծանր ոտքի՞ց է, նույնքան ծանր շնչի՞ց, գեշ աչքի՞ց, թե՞ մեկ ուրիշ բանից, հոդաբաշխ բացատրություն չունի, իսկ սրբի դուռ գնալն էլ այլևս իմաստ չունի, ժամանակավրեպ է, քանզի բանը բանից արդեն անցել է` աշխարհ չենք գնում:
Ասում եք` դեմը երկու խաղ էլ կա՞:
Հը՞:
Է՜, չեղավ: Ոչ միայն լուրջ չէ, այլև ինչ-որ տեղ մի բան էլ ամոթ է թեկուզ և այն պատճառով, որ մանկապարտեզի տարիքը դպրոց գնալու նախաշեմին լրանում է:
Պարտվեցինք:
Չընկնենք պատճառաբանությունների հետևից, թե սա չկար, նա չկար, այն չկար: Փոխարենը (մենք մեզնով ենք, դրսից էլ մարդ չկա) չմոռանանք, որ նման խաղով, եթե անգամ խմբայինից դուրս գայինք, եզրափակիչը կազմողների մե՛ջ գործ չէինք ունենալու: Իհարկե, նույն կերպ չեմ հավատում, թե մեր խմբից երկրորդ տեղով դուրս եկող մեկ այլ թիմ այնտեղ կարող է անելիք ունենալ, բայց թե, բան է, էլի. եթե մենք լինեինք այդ երկրորդ տեղինը, ահագին սիրուն բան կլիներ: …Դե` հիմա: Ի՞նչ կարող ես անել: Այսպես ստացվեց, ու դրանից ողբերգություն չպիտի սարքել: Համ էլ մենք էդ ե՞րբ է եղել, որ ներկան թողած ապագային չենք նայել` այդպես էլ չգալով ազգային այն գիտակցմանը, որ ապագան ներկայի մեջ է տաքուկ նիրհած: Լա՜վ: Վերջ ի վերջո սա մարզական էջ է, մենք էլ մեզ սպորտից զատ ուրիշ բաներից չխոսելու երդում տված ու… այդ երդումն անհամորեն խախտող մարդիկ: Ներող կլինեք քնարական զեղումիս համար: Սակայն սույնի կապակցությամբ մի լրացում-բացատրության հնարավորություն էլ տվեք ու նոր թողեք անցնեմ առաջ: Ախր, եթե քլթքլթացող կաթսայի մեջ ես, բա մի բերան է՞լ չասես, որ առանց այն էլ ջուրն անտանելի աստիճանի եռման է, բոլբոլանց տնից դուրս եկած ձեզ երևակայող, մինչև երեկ պատի տակ պպզող անխիղճ հարամզադեք, տակն ինչո՞ւ եք նոր ցախ գցում:
Դառնանք ֆուտբոլին, սակայն նախ B խմբի հետ հաշիվներս մաքրելով:
Իտալիան 2:1 հաշվով անցավ չեխերի վրայով, Բուլղարիան Մալթայից վերցրեց իր բաժին երեք միավորն ու Դանիայի հետ «Մարականա» տանող երկրորդ տեղը վիճարկելու փայլուն հնարավորություն ունի, եթե, իհարկե, հայերիս ֆազերը չխփի նրանց հետ սպասվելիք խաղում: Ինչպես տեսնում եք, սպորտ լինի, թե պատմություն, հայերս վճռականապես կանք ու շարունակում ենք մնալ ակտիվ գործոն: Ճիշտ է` մեկ այլ ձևի, բայց թե սա էլ է մխիթարություն:
H խումբը հայկական ավանդական քեֆ-ուրախության սեղան է հիշեցնում. քանի գնում` կենացները քաղցրանում են: ՈՒկրաինացիներն անգլիացիների հետ դարձյալ ոչ-ոքի խաղացին ու չեռնոգորցիների հետ ունեն հավասար` տասնհինգ միավոր` ընդամենը մեկով պակաս անգլիացիներից: Ինչ վերաբերում է լեհերին, նախորդ խաղում Չեռնոգորիայի հետ ոչ-ոքիից չարացած` Սան Մարինոյում 5:1 հաշվով հաշվեհարդար տեսան վերջիններիս հետ ու ունեցած տասներկու միավորով կարծես թե այնքան էլ դուրս չեն մնում վերը հիշատակված անսամբլից:
Արտագնայում Անդորրայից տարած երեք միավորը (2:0) հոլանդացիներին D խմբում պաշտոնապես կանգնեցրեց Բրազիլիա տանող հաճելի ծախսերի առաջ: Հունգարացիներն առանձնակի դաժան վարվեցին էստոնացիների հետ (5:1), իսկ թուրքերը 2։0 հաշվով հաղթեցին ռումինացիներին ու միավորներով հավասարվեցին նրանց` տասներեքական, ու մեկ միավորի հուսադրիչ պակասով նստեցին հունգարացիների պոչին: Ինչպես տեսնում ենք, այստեղ էլ կենացները քաղցրությունը չեն կորցնում:
G խմբում տասնիննական միավորով առաջին երկու տեղերը իրենց վստահ ձեռքերում են պահում Բոսնիան և Հերցեգովինան (2:1 հաշվով հաղթել է Սլովակիային) ու սեփական հարկի տակ նվազագույն հաշվով Լատվիայի նկատմամբ առավելության հասած Հունաստանը: Ի դեպ, A խմբում նույնքան, եթե ոչ ավելի վստահությամբ առաջին երկու տեղերն իրենց ձեռքերում են պահում բելգիացիներն ու հորվաթները: Նմանատիպ վիճակ է նաև I խմբում, որտեղ տեր ու տնօրինություն են անում Իսպանիայի ու Ֆրանսիայի ընտրանիները: Վերջինս հյուրընկալվելիս 4:2 հաշվով կոտրեց Բելառուսի հավաքականի մեջքն ու տասնչորս միավորով հավասարվեց աշխարհի չեմպիոններին, սակայն իսպանացիները, չմոռանանք, մեկ պակաս խաղ ունեն ակտիվում:
F խմբում Ռուսաստանի ընտրանին իր համար առանցքային խաղում 3:1 հաշվով առավելության հասավ Իսրայելի նկատմամբ ու տասնութ միավորով գլխավորեց աղյուսակը: Երկրորդն այստեղ պորտուգալացիներն են տասնյոթ միավորով ու դժվար թե այս երկուսին այսուհետ խանգարող որևէ այլ թիմ լինի «Մարականա» տանող ճանապարհին:
C խմբում քսաներկու միավոր ունեցող Գերմանիան պրոբլեմներ չունի (3։0 հաշվով հաղթել է ֆարերցիներին): Երկրորդ տեղում ընթացող շվեդները երեք միավորով (1։0 հաշվով պարտության են մատնել ղազախներին) գերազանցում են թիկունքում դիրքավորված ավստրիացիներին (հյուրընկալելիս նվազագույն հաշվով գերազանցել են իռլանդացիներին):
E խմբում կատարյալ հանգիստ կարող է զգալ միայն Շվեյցարիան, որի հերթական զոհն իր իսկ հարկի տակ դարձավ Նորվեգիայի ընտրանին (0:2): Ինչ վերաբերում է Բրազիլիայի ուղեգրի համար մյուս պայքարողներին, այստեղ դեռ ջրեր կան հոսելու, ուստի ընթերցողին չծանրաբեռնենք, մանավանդ որ խումբը նկատելիորեն թույլ է:
Այսքանը եվրոպականների մասին: Սակայն քանի որ վերջինիս հավասար նաև այլ գոտիների խմբայիններում էլ վերջը սկսում է երևալ, եկեք այս անգամ մի երկու հիշատակում էլ անենք հյուսիսային ու հարավամերիկյան գոտիներից: Մեսիի առաջնորդությամբ արգենտինացիները վաղօրոք նվաճեցին Բրազիլիայում հանդես գալու իրավունքը` 5։2 հաշվով պարտության մատնելով պարագվայցիներին: Նույնը կարողացան անել նաև ԱՄՆ-ի ու Կոստա Ռիկայի հավաքականները: Առաջինը դա իրականություն դարձրեց Մեքսիկայի ընտրանուն երկու չոր գնդակի տարբերությամբ հաղթելուց հետո, իսկ կոստառիկացիներին լիուլի բավարարեց ճամայկացիների հետ ոչ-ոքի` 1:1 խաղալը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1089

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ